Վերջին 6 տարիներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ոչ մի քայլ չի ձեռնարկվել՝ խնդիրը հայկական կողմի օգտին լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընդդիմադիր պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը:

Նրա խոսքով՝ այս պահին այդ առումով նույնպես որեւէ շոշափելի քայլ չի արվում: «Իհարկե, մենք, որպես խաղաղ կարգավորման կողմնակիցներ, միակ դրական գործոնը կարող ենք համարել ստատուս քվոյի պահպանումը, սակայն միջազգային ասպարեզում չկա շոշափելի առաջընթաց»,-ընդգծել է Քոքոբելյանը:

Պատգամավորը նաեւ ափսոսանքով նշել է, որ ԼՂ հարցը իր էությամբ այնպիսին է, որը կարելի է լուծել, եթե բանակցային սեղանի շուրջ նստեն Հայաստանը, Ադրբեջանն ու ԼՂՀ-ն: «Հիմա շատ են խոսում ուղիղ բանակցությունների մասին, որի կողմնակիցն եմ նաեւ ես, սակայն այս փուլում առաջին պատճառը, որ ԼՂ խնդիրը չի լուծվում, գերտերությունների շահերն են, ավելի ճիշտ դրանց չհամընկնելը»,-ամփոփել է Քոքոբելյանը: