Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ համառորեն պաշտպանում էր Սյունիքի մարզի Շաքի գյուղում հանցագործություն կատարած ադրբեջանցի զինծառայողի անմեղության կանխավարկածը։ Այս մասին հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը։
«Անշուշտ, անմեղության կանխավարկածը ցանկացած պարագայում պետք է հարգել, ես դրանում համոզված եմ։ Բայց այստեղ շատ հստակ տարբերություն կա։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիրներին ու նրանց դեմ հարուցված քրեական գործերին, նա (Նիկոլ Փաշինյանը - խմբ․) ամեն կերպ փորձում է խախտել նրանց անմեղության կանխավարկածը։ Եվ, ի դեպ, ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլև ամբողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Նրանք անմիջապես սկսում են մեղադրել մարդկանց՝ նախապես դատավճիռներ հնչեցնելով, սակայն հենց գործը հասնում է ադրբեջանցուն, սկսում են զգուշավորություն ցուցաբերել։ Իբր թե՝ դեռ դատ պետք է լինի, դեռ պետք է հասկանանք՝ իրականում ինչ է տեղի ունեցել և այլն։ Ասում են, թե ձեռքի տակ պետք է լինի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վերջնական վճիռը, ասում են, թե չպետք է կորցնենք մեր օբյեկտիվությունը։ Բայց հենց խոսքը գնում է ընդդիմադիրների մասին, ի՞նչ օբյեկտիվություն, ինչի՞ մասին է խոսքը», - ասաց Քոչարյանը։
Ընդդիմադիր պատգամավորի նշմամբ՝ վերոնշյալ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ ուժայինները սահմանը խախտած ադրբեջանցու ձերբակալման վերաբերյալ ոչ մի տեսանյութ չեն հրապարակել։ Մինչդեռ ընդդիմադիրներին ձերբակալելիս իշխանություններն ու ուժայինները ձեռքից բաց չեն թողնում ամեն ինչ տեսախցիկով նկարահանելու և հնարավորինս լայնորեն տարածելու առիթը։





























