2013 թվականը քաղաքական առումով բավական ակտիվ էր, բայց լարվածություն չկար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում ակտիվացել է քաղաքացիական հասարակությունը, իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, վերջինս պետք է կարողանա դուրս գալ խոսափողային կարգավիճակից եւ ավելի շատ շփվի բնակչության հետ, ընդ որում՝ մարզերում: «Ըստ էության, նրանք խոսում են ծրագրերի մասին, որոնց մասին հասարակությանը ոչինչ հայտնի չէ, իսկ հետո օգտագործում են խոսափողները, որպեսզի առաջ մղեն իրենց տեսակետները՝ հասարակությանը բաժանելով մասերի: Իսկ դա դրական գործընթաց չէ»,-ասել է Սահակյանը:

Նրա խոսքով՝ 2014-ին իշխանությունը ակնկալում է տեսնել ակտիվ ընդդիմություն, որը կգործի՝ գիտակցելով, որ իշխանությունն ու ընդդիմությունը գործում են նույն քաղաքական տարածքում, իսկ գոյություն ունեցող պառակտվածությունը չի բխում երկրի ու ժողովրդի շահերից:

Ինչ վերաբերում է հասարակությունում առկա դժգոհությանը, որը դրսեւորվել է անցած տարվա ընթացքում, ՀՀԿ խմբակցության ղեկավարի գնահատմամբ, քաղաքացիները միշտ պետք է դժգոհ լինեն, քանի որ հենց այդ դժգոհությունների արդյունքում են ավելանում քննարկվող հարցերը, իսկ դա բարեփոխումների համար խթան է հանդիսանում: «Աշխարհում չկա այնպիսի հասարակությունը, որն ամեն ինչից գոհ լինի: Իշխանությունն, իր հերթին, պետք է զգա այդ դժգոհությունը, որպեսզի բարեփոխումներ իրականացնի եւ դա ժողովրդավարության կարեւորագույն բաղկացուցիչն է»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Անդրադառնալով ընդդիմության բացթողումներին, նա նշել է, որ դրանցից ամենամեծը նրանք արձանագրել են նախագահական ընտրություններից հետո, երբ «ժողովուրդն առաջին անգամ ընտրեց ոչ միայն իշխանություն, այլեւ՝ ընդդիմություն», նրան տալով 37 տոկոս ձայն: «Սակայն ընդդիմությունը շտապեց, եւ ժողովուրդը, որը հավատացել էր նրան, այսօրվա դրությամբ հիասթափված է: Իշխանությունների բացթողումն է, որ երկրում ընդդիմությունը ոչ մի կերպ չի կայանում»,-ամփոփել է Սահակյանը: