Հայաստանում 2013թ. բավական լուրջ քաղաքական գործընթացներ տեղի ունեցան, որոնք նաեւ վերաբերում էին արտաքին գործոններին, ինչի հետեւանքով երկրի առաջ լուրջ մարտահրավերներ ծառացան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Հայաստանը չափից շատ տարվեց Եվրոպային արագ ինտեգրվելու հնարավորությամբ՝ Ասոցացման մասին համաձայնագիր նախաստորագրելու միջոցով, ինչի հետեւանքով հայտնվեց Մաքսային միությունում:
Իրավիճակից եւ առկա խնդիրներից ելնելով՝ Հայաստանը ոչ մի հարկ չուներ շտապելու, եւ Մաքսային միությունում էլ մեզ չէին սպասում: Ռուսաստանը ՄՄ-ում լուրջ խնդիրներ ունի ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի հետ, վերջիններս նաեւ հնարավորությունը բաց չեն թողնում հայտարարելու, որ Ադրբեջանն իրենց գործընկերն է: Այս պահին Ռուսաստանն ինքը խնդիրներ ունի, սակայն Հայաստանի մուտքը եվրոպական շուկա կանխելու համար այն բացառապես քաղաքական որոշում ընդունեց՝ Հայաստանին հրավիրելով Մաքսային միություն: Դա Ռուսաստանի համար ռազմավարական կարեւորություն ունեցող հարց էր», - ասել է ընդդիմադիրը:
Հակոբյանի խոսքով՝ ակնհայտ է մեկ բան. երկրի ղեկավարների քաղաքական սխալ հաշվարկների հետեւանքով Հայաստանը դարձավ աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ՝ մարտնչող Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ:





























