ԱՄՆ-ի իշխանությունների կողմից իրականացվող գլոբալ լրտեսումների մասին Էդվարդ Սնոուդենի գաղտնազերծումներից հետո սկսել եմ նախանձել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե անձնական ինչ հարաբերություններ ունի Բարաք Օբամայի հետ:
«Ես նրան (Օբամային) նախանձում եմ: Նախանձում եմ, քանի որ կարողանում է դա անել, եւ նրան դրա համար ոչ մի պատիժ չի հասնում», - Պուտինի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Գնահատական տալով ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների կողմից արտասահմանյան առաջնորդներին լրտեսելու փաստին՝ Պուտինը նշել է. «Տվյալների նման ծավալ ֆիզիկապես հնարավոր չէ կարդալ: ԱՄՆ-ն առաջին հերթին ահաբեկչության դեմ պայքարով է զբաղվում, բայց պետք է ժամանակին սահմանափակել հատուկ ծառայությունների ախորժակը, ինչ-որ կանոններ սահմանել»:
ՌԴ նախագահը նշել է, որ լրտեսությունը միշտ է եղել եւ հավելել, որ «դա, ի թիվս այլոց, հնագույն մասնագիտություններից է»:





























