Ուկրաինան հետագայում էլ կսպառի ռուսական գազ, սակայն ամեն ինչ գնից է կախված: Այս մասին դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: 

«Ուկրաինայի համար ռուսական գազի գինը կարող է նվազեցվել մինչեւ միջին եվրոպական մակարդակի: Եթե նման գին լինի, որը մեզ ձեռնտու կլինի, մենք ավելի շատ ռուսական գազ կսպառենք:  Սակայն մենք չենք բացառում, որ գազ կգնենք նաեւ այլ երկրներից: Ում գազն ավելի էժան կլինի, նրանից էլ կգնենք: Բացի դրանից, Ուկրաինան իր գազը կարդյունահանի: Երկնագույն վառելիք գինը մշտական չի կարող լինել: Գինը կարող է փոխվել, դրանք սեզոնային տատանումներ կլինեն, որոնք կախված են տարբեր հանգամանքներից», - ասել է նախագահը, հաղորդում է «Սեգոդնյան»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի նախագահությամբ տեղի ունեցած միջպետական հանձնաժողովի նիստում համաձայնություններ էին ձեռք բերվել` Ուկրաինայի համար ռուսական գազի արժեքը 1 հազար խմ-ի դիմաց մինչեւ 268,5 դոլար նվազեցնելու վերաբերյալ:

Այսպիսով, Կիեւը կարող է խնայել 130 դոլար յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց, քանի որ այժմ գազի սակագինը միջինը 400 դոլար է հազար խմ-ի դիմաց:

Բացի դրանից, Ռուսաստանի կառավարությունը վճռել է ուկրաինական արժեթղթերում տեղակայել Ազգային բարեկեցության հիմնադրամի պահուստների մի մասը` 15 միլիարդ դոլարի չափով: