«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի կողմից «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը պարտքի դիմաց ռուսական կողմին հանձնելը:

Նախաձեռնության տարածած հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնությունը դատապարտում է՝

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրելը,

-Մաքսային Միությանը բռնակցման ճանապարհային քարտեզի պատրաստումը,

-Կառավարության կողմից կնքված և ՀՀ ԱԺ հաստատմանը ներկայացված երեք նվաստացուցիչ համաձայնագրերը գազի և նավթամթերքի վերաբերյալ։

Փաստում է՝

Մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ՀՀ իշխանությունը յուրացնող վարչակարգը, ստելով և թաքցնելով ՀՀ հասարակությունից իրականում տեղի ունեցող գործընթացները, նպաստում է մեր պետականության վերացմանը, որի իրավական ու վերջնական ձևակերպումը կլինի Հայաստանի մուտքը Մաքսային Միություն և Եվրասիական Տնտեսական Միություն։

Տեղեկացնում է՝

Այդ միությունների շրջանակներում մշտական գործող Եվրասիական Տնտեսական հանձնաժողովը վերազգային մարմին է։ Հանձնաժողովի որոշումները պարտադիր են անդամ պետությունների համար։ Նրա հիմնական գործառույթները կայանում են Մաքսային Միության և ԵՏՄ-ի գործունեությունն ու զարգացումն ապահովելը։ Այն առաջնորդվում է բացառապես Եվրասիական հանրության ամբողջացված շահերով՝ ստորադասելով որևէ առանձին անդամ պետության շահերը։

Հետևաբար ստորադասվելու է նաև ՀՀ հասարակության շահերն, որը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու ազատ զարգանալու հնարավորությունները։

Մատնանշում է՝

Ինքնիշխանության կորստին տանող գործընթացում մեղավորություն ունեն նաև այն քաղաքական ուժերն ու գործիչներն, ովքեր չեն ընդվզում Հայաստանը Մաքսային Միության և Եվրասիական Տնտեսական Միության բռնակցման գործընթացի դեմ՝ լռելյայն նպաստելով դրան:

Կոչ է անում՝

ՀՀ Ազգային Ժողովում անհապաղ իմպիչմենտի գործընթաց սկսել, որպես ապապետական վարչակարգի հեռացման սկիզբ:

Պահանջում է՝

Գործող իշխանության հրաժարականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։