«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն անընդունելի եւ հակասահմանադրական քայլ է համարում ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի, ինչպես նաեւ մյուս երկու համաձայնագրերի վավերացումը:
Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Այս համաձայնագրերը ուղղակիորեն դեմ են Հայաստանի Հանրապետությանը եւ դրանցում կան մի շարք խիստ վտանգավոր կետեր: Մասնավորապես` ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածում նշվում է, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ն իրավասու է իրականացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մինորիտար փաթեթի օտարումը իր փոխկապակցված անձանցից յուրաքանչյուրին՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնությամբ, ընդ որում նման համաձայնության ստացումը չպետք է անհիմն մերժվի:
Փաստացիորեն այս կերպ «Գազպրոմ» ԲԲԸ-ն առանց որեւէ խնդրի կարող է ՀՀ տարածքում գտնվող եւ ՀՀ-ի համար ռազմավարական կարեւորություն ունեցող օբյեկտի բաժնետոմսերն օտարել մեկ այլ պետության ու չկա որեւէ երաշխիք, որ այդ պետությունը չի լինի ՀՀ-ի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարեկամական տրամադրված երկիր: Իսկ Հայկական Կողմի, այսպես ասած, գրավոր համաձայնությունը կամ անհամաձայնությունը կարող ենք ասել առոչինչ է, քանզի նույն այս հոդվածում նշվում է, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գույքի եւ իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ առանց սույն հոդվածի 4-րդ պարբերությունում նշված՝ Հայկական Կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության:
Մյուս վտանգավոր կետն այն է, որ համաձայնագրի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայկական Կողմը երաշխավորում է ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթական չէ արտահանման ՀՀ սահմաններից դուրս:
Այս կետով, փաստացիորեն, հարցականի տակ է դրվում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ առաքվող գազի խնդիրը, եւ այս ուղղությամբ որեւէ երաշխիքներ այս կամ այլ համաձայնագրերով տրված չեն:
Համաձայնագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին ՀՀ գազի ներմուծման բացառիկ մենաշնորհ դիրք է տալիս, սրանով իսկ ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի 2007թ. փետրվարի 7-ի ՆՀ- 37 -Ն հրամանագիրը, որում շեշտվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, կարեւորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների եւ արտադրության ձեւերի բազմազանացում...»:
Ակնհայտ է, որ այս համաձայնագրով ՀՀ իշխանություններն հենց իրենք են նպաստում բնական գազի ներկրման շուկայում մենաշնորհի ձեւավորմանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դատապարտում է նման բովանդակությամբ համաձայնագրի առկայությունը: Տարիներ շարունակ ՀՀ իշխանությունների անհեռանկարային գործունեության արդյունքում ՀՀ կարեւորագույն ռազմավարական օբյեկտները մաս-մաս տրվել են ռուսական կողմին: Իսկ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսն էլ այդ կարեւորագույն օբյեկտներից վերջին մոհիկանն էր, որը տրվում է չափազանց խայտառակ եւ նվաստացուցիչ պայմաններում:
Անընդունելի է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի երեկ կայացրած որոշումը, համաձայն որի վերանշյալ համաձայնագրերը չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը: Այս կերպ ՍԴ-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ անաչառ ու անկախ մարմին չէ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կոչ է անում Ազգային ժողովին չվավերացնել այս համաձայնագրերը եւ գործել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու բարօրության»:





























