ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված դեկտեմբերի 15-19-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքների հետ:
Համանախագահներն ընդգծել են, որ հանդիպել են Ադրբեջանի նախագահ Ալիեւին ու Հայաստանի նախագահ Սարգսյանին: Նրանք նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղ, որպեսզի հանդիպեն դե-ֆակտո իշխանություններին:
Նախագահներն ու համանախագահները քննարկել են բարձրագույն մակարդակում հանդիպման արդյունքները, որը կայացել էր Վիեննայում եւ դրան հաջորդած ԱԳ նախարարների կիեւյան հանդիպումը: Նրանք հաստատակամություն են արտահայտել՝ շարունակելու բանակցային ջանքերը նաեւ 2014-ին:
Համանախագահներն ընդգծել են, որ վերջերս սահմանին տեղի ունեցած բռնության ակտերը խաթարում են խաղաղության հեռանկարները: Նրանք կողմերին կոչ են արել զերծ մնալ հետագա գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը ու աշխատել պահպանել բանակցային գործընթացին նպաստող մթնոլորտը:
Համանախագահները հունվարին կուղեւորվեն Շվեյցարիա՝ ԵԱՀԿ նոր համանախագահի հետ խորհրդակցելու: Դրան կհաջորդի երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաջորդ գագաթաժողովը նախապատրաստելու:





























