Հայաստանի Ազգային ժողովում սկսվել է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը: Օրակարգում Ռուսաստանի հետ միջպետական համաձայնագրերն են. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին»:
Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 19-ին այդ համաձայնագրերը Սահմանադրությանը համապատասխան էր ճանաչել, խորհրդարանն արտահերթ նիստում մտադիր է վավերացնել դրանք:
Ըստ համաձայնագրերի՝ Հայաստանը կազատվի Ռուսաստանից բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ալմաստների արտահանման տուրքերից՝ ամենամյա համաձայնեցված քվոտայի սահմաններում:
Գազի գնագոյացումը կկատարվի Ռուսաստանում գործող սկզբունքով՝ գումարած տեղափոխման եւ Վրաստանի միջոցով տարանցման ծախսերը: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասին, որը գնահատվել է155 մլն դոլար, ապա այն պետք է փակի Հայաստանի 2011թ. ապրիլից կուտակված 300 մլն դոլարի պարտքի կեսը:





























