Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանատվության չի ենթարկվի Անիի նախկին ոստիկանապետին ծեծելու համար:
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել են ոստիկանությունից, ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նոյեմբերի 22-ին քրեական գործի հարուցումը մերժելու որոշումն ընդունվել է համապատասխանաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության և 13-րդ կետով՝ համաներման ակտի կիրառման հիմքերով:
Նշենք, որ հուլիսի 19-ին Ս.Սարգսյանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաեւ բացատրություն տվել` իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը:
Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է: Հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել էր վկա Վարդան Ղուկասյանը, Ս.Սարգսյանը դատարանի միջանցքում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, բռնության էր ենթարկվել: Ըստ կրկնակի փորձաքննության եզրակացության` Սամվել Սարգսյանն ստացել էր միջին ծանրության մարմնական վնասվածք:





























