«Ի՞նչ ասեմ, գնացեք իրան հարցրեք, կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ո՞վ դնում ա, թող դնի»: Այդ մասին ասաց հանրապետական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ իր գործընկեր «ՍԱՍ» սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը Հայաստան է ներկրել կոկորդիլոսներ եւ վաճառում է 380 հազար դրամով:
«Ով էդ կոկորդիլոսը բերել ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շատ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից, կորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն», - ասաց գեներալ Մանվել Գրիգորյանն ու հետաքրքվեց՝ կոկորդիլոսն ի՞նչ ա, Հայաստանում կա՞ կոկորդիլոս:
Պատգամավորը, տեղեկանալով, որ «ՍԱՍ»-ում վաճառվում է, ասաց. «Որ բերել են, մեկին պետք կգա էլի: Դե էդքան զարգացե՞լ ա մեր ազգը, որ կոկորդիլոս ա բերում, դե լավա ա»:
Հարցին, թե չի՞ պատրաստվում Ամանորի սեղանին կոկորդիլոս դնել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Չէ, ես երկրապահական սեղան եմ դնելու, եթե ուզում եք ամսի 31-ին գիշերը, ժամը 12-ին արեք երկրապահ, կտենաք մեր սեղանը»: Ըստ պատգամավորի, թիթիզություն չի համարում կոկորդիլոսի միս ուտելը. «Մարդ կա՝ էշի միս էլ ա ուտում, ձիու միս էլ ա ուտում, եթե սիրում են, թող ուտեն: Օրինակ՝ ազգեր կան, էշի միս են ուտում, ձիու միս են ուտում»։





























