ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 20-ին քննարկվող ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված՝ «Հայռուսգազարդի» ՀՀ 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» հանձնելու համաձայնագրի դեմ բողոքող քաղաքացիական ակտիվիստները ԱԺ-ի մոտ հայտարարեցին, որ այսօրվա քվեարկությունը քննություն է լինելու ԱԺ պատգամավորների համար։

«Ովքեր կողմ կքվեարկեն, կամ ձեռնպահ կմնան՝ հանցավոր լռություն դրսեւորելով, մեր կողմից կճանաչվեն ազգային դավաճաններ։ Այսօր պարզ կլինի՝ պատգամավորներից ովքեր են սպասարկում հանրության շահերը, ովքեր են սերտ համագործակցում հանցավոր ռեժիմի հետ»,- հայտարարեցին ակտիվիստները։

Ցուցարարները բարձրախոսով հայհոյանքներ են հնչեցրել կառավարության հասեցին։ Պաստառներից մեկին գրված է. «Կոճակ սեղմողը դատապարտվում է մինչեւ 2043թ.», ինչը պատգամավորներին հիշեցնում է, որ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով Հայաստանը ստիպված է լինելու մինչեւ 2043 թվականը գազային կախվածության մեջ գտնվել ռուսական կողմից:

NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ չնայած սաստիկ ցրտին, ցուցարարները չեն հեռանում, սպասում են նիստի ավարտին եւ վանկարկում են «դավաճաններ», «ինքնիշխան Հայաստան», «ստրուկներ»։ Բողոքի ակցիան անցնում է ոստիկանների հսկողությամբ։ Ոստիկանների թիվը մեծ չէ, բայց ակտիվիստները տեղեկություններ ունեն, որ ոստիկանական լրացուցիչ ուժեր են նախապատրաստվել, որոնք հրահանգի են սպասում հարակից փողոցներում։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Որոշողը մենք ենք» նախաձեռնության մասնակիցները առանձնացրել ու իրենց հետ հաղորդագրության տեսքով ԱԺի մոտ են բերել Ռուսաստանի հետ համաձայնագրերի ամենավտանգավոր կետերը։

Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև աղմկահարույց համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ժամանակ։