Ոստիկանական բաժիններին կից ձերբակալված անձանց պահման վայրերում առանձնահատուկ պայմաններ նախատեսված չեն կանանց համար: Այս մասին այսօր ` դեկտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսին ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան, Տիգրան Սաֆարյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ այդ մեկուսարանների աշխատակիցների հիմնական մասը տղամարդիկ են: Փաստաբանը ընդգծեց, որ ինչպես անչափահասների համար են առանձնահատկություններ նախատեսված, այնպես էլ պետք է լինի կանանց դեպքում: «Մինչդեռ հիմա կանայք համահավասար վերաբերմունքի են արժանանում տղամարդկանց հետ»,- ասաց փաստաբանը եւ ավելացրեց, որ կանայք տղամարդկանց հետ նույն վերաբերմունքին չեն արժանանում բացառությամբ այն դեպքերի, երբ հղի են կամ իրենց խնամքին ունեն երեխաներ:
Նա միաժամանակ ավելացրեց, որ առաջիկայում մոնիթորինգ են անցկացնելու եւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գան, որը ներկայացնելու են ԱԺ-ի քննարկմանը: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի Մոնիթորինգի և սոցիոլոգիական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ավետիք Մեջլումյանն էլ նշեց, որ իրենք մոնիթորինգ են իրականացնելու ոչ միայն ազատազրկման վայրերում, այլեւ այն դատական գործերում, որոնցում կին ամբաստանյալներ կան ներգրավված:





























