Հայաստանը Ճապոնիայից հազարավոր կիլոմետրերով հեռու է: Չնայած դրան, Ծագող արեւի երկրում հայկական ոչ մեծ, բայց համերաշխ համայնք է բնակվում: Համայնքի կյանքի եւ Ճապոնիայի հայերի կենսակերպի մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել են համայնքի երկու ներկայացուցիչներ:

«Ամեն տարի Սուրբ ծննդի օրը մենք հավաքվում ենք դեսպանատանը, միասին տոնում», ¬ - պատմել է երաժիշտ Կարեն Իսրայելյանը՝ Տոկիոյից: Ինչ վերաբերում է հայկական սեղանի ավանդական խոզի բդին, ապա, պարզվում է, Ճապոնիայում այն բնավ էլ պարտադիր չէ:  «Ճապոնիայում, ինչպես ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից եւ հետխորհրդային այլ երկրներից, Նոր տարին ավարտվում է գիշերվա ժամը 00:30-ին: Այնպես որ, այստեղ մեկ շաբաթ քեֆ անելու հնարավորություն չկա, այստեղ, ցավոք, այլ ռիթմ է: Բայց հայ համայնքը խաշ պատրաստում է: Դա արվում է Սուրբ ծննդից Զատիկ ընկած միջակայքում՝ փետրվարի կողմերը:

Ճապոնիայի համար էկզոտիկ հայկական խոհանոցը ճապոնացիներին դուր է գալիս. «Տոլմա, Հարիսա. այս ամենը պատրաստվում է, եւ բոլորին դուր է գալիս: Ի դեպ, մենք ամեն տարի մայիսի վերջին գնում ենք Յամանաշի (Ճապոնիայի շրջաններից)՝ խաղողի թուփ հավաքելու. այնտեղ խաղողի շատ այգիներ կան:  Պետք է ասել, ճապոնացիներն անգամ չէին էլ պատկերացնում, թե դա կարելի է ուտել, թեեւ շատ ժողովուրդներ են կիրառում խաղողի տերեւները»:

Ինչպես ցանկացած այլ մեգապոլիսում, մարդիկ հաճախ չգիտեն՝ովքեր են իրենց հարեւանները, բոլորն աշխատում են, ուշ են գալիս տուն. «Ընդհանրապես, օտարերկրյա «եվրոպացիների» հանդեպ վերաբերմունքը բավական հանդուրժողական է: Մեծ զգուշավորություն կա ռուսների եւ Հարավային Ասիայից եկածների նկատմամբ: Ինչ վերաբերում է հայերին, ապա նրանց  մասին կամ չգիտեն, կամ եթե գիտեն, ապա՝ միայն լավագույն կողմից»:

Համայն հայության պարծանք կոնյակը Ճապոնիայում քիչ է հայտնի. «Ճապոնացիների համար կոնյակը չափազանց թունդ է: Սիրում են, բայց երեկոյի ընթացքում նրանց 50 գրամը բավական է հարբելու համար: Այսինքն մեծ ծավալի մասին խոսք չի գնում: Մոտ մեկ ամիս առաջ 100 հոգանոց «փարթի» էր: Ինձ խնդրեցին հայկական կոնյակ հյուրասիրել: Ես 10 շիշ էի պատրաստել, այնինչ բոլորը միասին ընդամենը 2 շիշ խմեցին: Բայց բոլորին դուր եկավ: Ես բիզնեսմեն չեմ, բայց կարծում եմ՝ Ճապոնիան կոնյակի համար անլուրջ շուկա է: Սակայն որպես հուշանվեր հայկական կոնյակը լավագույնն է»:

Կարեն Իսրայելյանն առաջին տարին չէ, որ Ճապոնիայում է. «Իմ կին Սակուրայի հետ (հայկական եկեղեցում մկրտվելիս Սաթենիկ անունն է ստացել) ծանոթացել ենք խորվաթական Լովրան քաղաքում ուսանելիս: Նա դաշնակահարուհի է, մոր ուղին է շարունակում», - պատմել է նա: Երիտասարդ զույգը որդի ունի՝ Անդրեն  (Անդրանիկ): Նա երկու տարեկան է:

Համայնքն առայժմ երեխաներին համակարգված հայերեն սովորեցնելու հնարավորություն չունի: Մնում է հույսը սեփական ուժերի վրա դնել: Ճապոնիայում հայկական եկեղեցի չկա:

Կանագավայից Մելանյա Բաղդասարյանը հնարավորության սահմաններում պահում է հայկական ավանդույթները, ընտանիքի հետ նշում է Զատիկը, Սուրբ ծնունդը, Նոր տարին: Ճապոնիայում ապրում է արդեն 21 տարի: Այս ընթացքում բավական յուրացրել է լեզուն եւ ավանդույթները. «Ճապոներենին որոշակի մակարդակով եմ տիրապետում: Եկա Ծագող արեւի երկիր, ամուսնացա ճապոնացու հետ: Այժմ աղջիկս՝ Անահիտը, 19 տարեկան է»:

Իհարկե, կենցաղում եւ մտածելակերպում էական տարբերություններ կան: «Հիշում եմ, երբ առաջին անգամ իմ ճապոնացի բարեկամների տուն այցելեցի, միջանցք մտա կոշիկներով: Ամուսինս ասես շանթահարվեց: Երբ հարցրի՝ ինչ է պատահել, բացատրեց, որ Ճապոնիայում կոշիկներով տուն մտնել չի կարելի: Իհարկե, մեր հայկական ընկալմամբ դա աննշան զանցանք է, բայց ճապոնացիներն այլ կարծիքի են: Ինձ ապշեցրեց այն, որ ճապոնացիները չփչփացնելով են ուտում: Համարվում է, որ դա քաղաքավարություն է, այդպես մարդը ցույց է տալիս, որ ուտելիքը համեղ է: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Բայց ես փորձում եմ թեթեւ նայել դրանց եւ չկենտրոնանալ», - ասել է  նա:

Մելանյա Բաղդասարյանը աշխատում է մանկական ակադեմիայում, որը հենց ինքն է հիմնադրել հինգ տարի առաջ: Բացի այդ, արդեն 18 տարի է հայերեն է դասավանդում Ասահի մշակութային կենտրոնում:

Ամուսնու հետ ծանոթացել է Հայաստանում՝ Հայաստանի ազգագրական թանգարանում աշխատելիս: Ամուսնու անունը Հիդեհարու Նակաջիմա է, մասնագիտությամբ պատմաբան է: «Աղջիկս քանիցս այցելել է Հայաստան: Երբ փոքր էր, լավ խոսում էր հայերեն: Հիմա գրեթե չի խոսում, բայց հասկանում է: Իհարկե, ես շատ եմ կարոտում հարազատներիս ու ընկերներիս:  Բայց «սքայփի» միջոցով համարյա ամեն օր կարողանում եմ շփվել», – ամփոփել է Բաղդասարյանը: