Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը ցավալիորեն պառակտիչ նշանակություն ունի, քան միավորող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» անդամ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նա նկատեց, որ «2007թ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները հիմնականում ավելի շատ միավորող դեր էին կատարում, քան պառակտիչ, բայց այս վերջին ելույթները իսկապես ավելի շատ բաժանող, տարաձայնությունները խորացնող ելույթ է, քան քաղաքական դաշտում ինքնիշխանության կամ եվրոպական ասոցացումը կարեւորող շրջանակներին միավորելու ելույթ»: Նրա համար ոչ այնքան հետաքրքիր է, թե ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, այլ թե ինչի մասին չի խոսել: «Ինձ համար տարօրինակ էր, որ նա չի խոսել այս պայմանագրերի հակասահմանադրականության մասին: Ավելի շատ անցյալում տեղի ունեցածի վատ հիշողություններ արթնացնող հանգամանքների մասին է խոսվել, ավելի շատ նեղացած քաղաքական գործչի ելույթ է, որ հիմա քաղում ենք այն պտուղները, ինչ որ ցանել ենք 2002թ:
Ինձ մի փոքր զարմացրեց Հայաստանի պետականության կորստի վերաբերյալ իր խիստ սովետական մեկնաբանությունները, չեմ կիսում դրանք, համաձայն չեմ՝ Կրեմլի քաղաքականության դեմ դուրս գալ հակառուսականություն է կամ եվրոմայդանը նույնպես հակառուսականություն չէ, Ուկրաինայի մարդիկ դուրս էին եկել իրենց երկրի ինքնիշխան իրավունքները ոտնահարելու Ռուսաստանի կամ Կրեմի փորձերի դեմ, քանզի նրանք ոչ թե հակառուս են, այլ ուզում են Եվրոպայի հետ խորացնել հարաբերությունները»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
Նրա փոխանցմամբ՝ ակնհայտ է՝ Տեր-Պետրոսյանի այս ելույթը Ռուսաստանին հաճոյանալու փորձ է, «այն տպավորությունն է, որ ինքը ոչ թե ուզում է միավորել, այլ պառակտել այն պայքարը, երբ եվրոպամետներ, անկախականները բոլորը մեկտեղ են»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























