Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստը քիչ առաջ ընդմիջվեց 20 րոպեով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկով: Այս մասին ԱԺ-ից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մինչ այդ խորհրդարանի գործունեությունը լուսաբանող մի խումբ լրագրողներ ներս էին մտել նիստերի դահլիճ եւ նախքան ընդմիջում հայտարարելը պաստառներ էին պարզել ընդդեմ «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմին» վաճառելու:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մոտ դեկտեմբերի 23-ին, ժամը 11։30-ից հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի դեմ, որով ՀՀ կառավարությունը «ՀայՌուսգազարդում» իր 20 տոկոս մասնաբաժինը հանձնում է ռուսական «Գազպրոմին»՝ փաստացի մինչեւ 2043 թվականը զրկելով Հայաստանին որեւէ այլ ընկերությունից գազ ներմուծել կամ փոխել գազի ներմուծման պայմանները։
Սպասվում է, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն արտահերթ նիստում պետք է քվեարկության դնի դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը: Այսօրվա ակցիային միանալու մտադրության մասին հայտարարել են մեծ թվով քաղաքացիներ։ Դերասան Հայկ Մարությանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ փոխել է օդանավի տոմսը եւ չնայած շատ գործեր ուներ Պրահայում, բայց այսօր վերադառնում է Հայաստան՝ հատուկ բողոքի ակցիային մասնակցելու համար։




























