Ազգային ժողովը 20 րոպե ընդմիջումից հետո վերսկսեց քվեարկությունը: NEWS.am-ի թղթակիցը ԱԺ-ից հաղորդում է, որ մինչ քվեարկության մեկնարկը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անդրադառնալով Ժառանգության խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից  պատգամավորների քվեարկության քարտերը վերցնելու փաստին, նշեց, որ «ընդդիմությունը ամեն ինչ անում է, որ տապալի քվեարկությունը ՝ վերցնելով քարտերը»:

«Փոստանջյանին խնդրում ենք քարտերը վերադարձնել, հակառակ պարագայում կքվեարկենք ձեռքով: Ամոթ է, որ մտավոր կարողությունները չեն հերիքում եւ դիմում են քայլերի, որպեսզի նենգությամբ ձախողեն քվեարկությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Մինչ այդ ամբիոնի մոտ մոտեցավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, սակայն քանի որ, ըստ կանոնակարգի, նա ձայնի իրավունք չուներ, նրա խոսափողն անջատված էր եւ հնարավոր չէր լսել, թե ինչ է ասում:

Պատգամավորները ձեռքով քվեարկեցին եւ ըստ Հովիկ Աբրահամյանի՝ կողմ է քվեարկել 77 պատգամավոր: Երբ հերթը հասավ դեմ քվեարկելուն, ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես նաեւ ԲՀԿ-ն, դուրս եկան նիստերի դահլիճից: Այժմ ԱԺ նիստը շարունակվում է ոչ կոալիցիոն խմբակցությունների բացակայությամբ: