Քվեարկության ընթացքում քվորում ապահովվել է, բայց ավելի լավ է  մտածել ընդդիմության պահվածքի մասին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Նրա խոսքով՝ որեւէ մեկը իրավունք չունի վերցնել պատգամավորներին պատկանող փաստաթուղթը, տվյալ պարագայում՝ քվեարկության քարտերը, ինչը արել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե եղել են նախադեպեր, երբ պատգամավորները գրավել են ամբիոնը եւ խաթարել են խորհրդարանի աշխատանքը, նա այսպես արձագանքեց. «Ամբիոն գրավելը, ճվճվալը դա խայտառակություն է, եւ պետք է մտածել այդ մասին»: Կդիմի՞ ՀՀԿ-ն ԱԺ Էթիկայի հանձնաժողով Զարուհի Փոստանջյանի պահվածքի խնդրով, թե՝ ոչ, Գալուստ Սահակյանը նշեց հետեւյալը. «Այս դեպքում ոչ թե էթիկայի հանձնաժողով է պետք դիմել, այլ գժանոց»:

Նշենք, որ ԱԺ-ի 4 ոչ կոալիցիոն խմբակցությունները ժամը 13.00-ին ասուլիս են հրավիրել, որտեղ կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am