Վրաստանի եւ Ռումինիայի տարածքով գազատար կառուցելու մասին համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 13-ին` Բուխարեստում: «Գազամատակարարման ոլորտում համագործակցության մասին» հուշագիրը նախատեսում է երկու տերմինալի կառուցում. մեկը՝ Վրաստանում, մյուսը` Ռումինիայում: Նախնական տվյալներով նախագծի արժեքը կազմում է 4-6 միլիարդ եվրո:
Համաձայնագիրը, ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայության, ստորագրվելու է Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի էներգետիկայի նախարարների կողմից: Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ սրա արդյունքում իր երկիրը լրացուցիչ գազ կստանա: «Ցանկացած տարանցիկ նախագիծ Վրաստանի տնտեսության համար շատ կարեւոր է, եւ նոր նախագծի իրականացման դեպքում Վրաստանի բյուջեն լրացուցիչ եկամուտներ կստանա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ այս նախագծի իրականացման մասին հուշագիրը Վրաստանի եւ Ռումինիայի միջեւ ստորագրվել է 2009-ի հոկտեմբերին, իսկ Ադրբեջանի եւ Ռումինիայի միջեւ` այս տարվա սկզբին:



























