Ղազախստանի նախագահը հատուկ կարծիք կցելով ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ ճանապարհային քարտեզի փաստաթղթի տակ ստորագրելուց, հստակեցման առումով կարեւոր քայլ արեց։ Այս խնդրի հստակեցումը  խորհրդարանական լսումներին առաջինն արծարծեց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, որն այնպես էլ պատասխան չստացավ։

Առաջին անգամ չէ, որ ՄՄ-ի անդամ եւ Բաքվի հետ հատկապես տնտեսական գերշահութային հարաբերությունների մեջ գտնվող երկրների ներկայացուցչիները նման վերապահումներով հանդես են գալիս ՀՀ-ի ՄՄ-ի անդամակցության գործընթացում։ Նույնքան պարզ է, որ Բաքուն ճիգ չի խնայելու նման դրսեւորումների ապահովմամբ խոչընդոտելու ՀՀ-ի ՄՄ միացումը կամ ավելի ճիշտ` ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետի ճշտումը, Արցախը թե իրողապես եւ թե իրավական գետնի վրա դուրս թողելով ՄՄ-ի սահմաններից։ Բաքվի ռազմավարությունը այս հարցում ՀՀ-ի մեկուսացումն է թե ասոցացման համաձայնագրի շրջանակներից եւ թե ՄՄ-ից։ Այլ խոսքով ոչ միայն «եւ եւ»-ի չաշխատելը այլ նաեւ` «կամ կամ»-ինը։ Նման կարգավիճակի բանաձեւը գուցե լինի ոչ սա, ոչ նա։ Կամ էլ մեկուսացման առումով թե թե։

Պարզ է, որ ՀՀ-ի կողմից որդեգրված բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը որոշակի խոչընդոտների է հանդիպում։ Բայց կա ի վերջո առաջնայնության խնդիր եւ այս դեպքում Արցախի ներկա իրողության ընկալման խնդիրն է այս կամ այն միության կողմից։ Նույն հարցը կարելի էր տալ նաեւ ԵՄ-ին, իմանալու համար որ խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը ի՞նչպես էր ընկալելու արցախյան տարածքը։

Նախագահ Պուտինը դեռեւս իր խոսքը չի ասել։ Այսուհանդերձ, ՀՀ-ի ՄՄ մուտք գործելու դեպքում արցախյան կարգավիճակը ընդհանրապես քննարկման թեմա չպետք է դառնա։ Այս առումով ուղենշային է Ստեփանակերտի դիրքորոշումը, որը արտահայտել է ԼՂՀ վարչապետը։

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի պնդմամբ, ճիշտ չեն քննարկումները, թե ինչ է լինելու Արցախի «ճակատագիրը» Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու դեպքում

Վարչապետի խոսքով, Արցախի ու Հայաստանի միջեւ մաքսակետի գոյությունը բացառվում է:

«ՄՄ երկրները դեռեւս նախնական պլանավորման ու բանակցությունների փուլում են, բնականաբար, նրանք տեխնիկական մի շարք հստակեցումների կարիք ունեն: Բայց մի բան միանշանակ է՝ Արցախի սահմանները վիճարկման ենթակա չեն ոչ որեւէ պետության, ոչ էլ պետությունների խմբերի կողմից»։

ՀՀ-ի հետ միաժամանակ Արցախի ներառումը ՄՄ, տարածքի հայապատկանության փաստացի ընդունումը կլինի ՄՄ-ի պետությունների կողմից։ Ռազմավարական գետնի վրա գուցե ավելի նպատակահարմար լիներ, որ ԼՂՀ իբրեւ անկախ միավոր ՀՀ-ի հետ առընթեր ունենար ճանապարհային քարտեզ միանալու ՄՄ-ին։ Սա ավելի  համահոնչ էր դեպի միջազգայն ճանաչում ուղղվող Արցախին։ Սակայն ՀՀ-ի հետ համատեղ Արցախի ներառումը ՄՄ-ին արդեն իսկ փաստում է, որ Արցախն իր ներկա սահմաններով ՄՄ-ի անդամ պետությունների համար դուրս է ադրբեջանական տարածքից։ Սա արդեն կարող է դիտվել դեպի իրավական ճանաչում գրանցվող գործնթացներում կարեւոր շրջադարձ։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր