«Ընդդեմ կուտակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը, որը պայքարում է 2014թ. հունվարի 1-ից կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ, հանդես է եկել ամփոփիչ հայտարարությամբ եւ կոչով:
Հիշեցնենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի 5-10 տոկոսը պարտադիր պետք է փոխանցեն կուտակային ֆոնդերին, որպեսզի այդ գումարների հաշվին կենսաթոշակ ստանան:
Նախաձեռնության ամփոփիչ վերլուծության մեջ նշվում է, որ «կառավարական օղակներից բազմիցս շեշտվում եւ քարոզվում են օրենքի, այսպես ասած, դրական կողմերը, որոնք ուշադիր հայացքի ներքո վեր են ածվում կեղծիքի եւ անհեթեթության» եւ վեր են հանվում «որպես օրենքի հիմնական արդարացումներ բերված խեղաթյուրված պնդումները»:
Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.
«Մենք ցանկանում ենք տարեմուտին ամփոփել մեր երկրի վերջին զարգացումները, անդրադառնալ կառավարական մարմինների հայտարարություններին, տալ մեր գնահատականներն ու պատասխաններն այդ հայտարարություններին, ինչպես նաեւ մի քանի խոսքով նշել մեր հետագա քայլերի մասին:
Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետեւ մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը եւ այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված եւ հետեւողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ:
Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին եւ դրա կոնկրետ կետերին
Շատ անգամներ ենք բարձրաձայնել այս օրենքում առկա բազում թերություններն ու վտանգավոր կետերը: Մենք շատ անգամ փորձել ենք երկխոսության հրավիրել կառավարական բոլոր հնարավոր օղակներին, որպեսզի հայտնենք մեր մտահոգություններն օրենքի որոշ կետերի մասին, ինչպես նաեւ ստանանք մեզ հուզող կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ: Սակայն մեր բոլոր քայլերն անտեսվել եւ նույնիսկ արհամարհվել են օրենքը սատարող կառավարական ուժերի կողմից:
Ցանկանում ենք տարեվերջին մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այս տխրահռչակ օրենքի կարեւորագույն թերությունները եւ ահազանգել օրենքի սպառնալիքների ու կործանարար հետեւանքների մասին:
Կառավարական օղակներից բազմիցս շեշտվում եւ քարոզվում են օրենքի, այսպես ասած, դրական կողմերը, որոնք ուշադիր հայացքի ներքո վեր են ածվում կեղծիքի եւ անհեթեթության.
1. Վճարում եք ընդամենը 5%:
2. Ֆոնդերում կուտակված գումարը ձեր սեփականությունն է:
3. Ձեր գումարները 100% երաշխավորված են:
4. Գումարները/թոշակը ստանալիս, գումարը ինդեքսավորվելու է` հաշվի առնելով գնաճը:
Այժմ ներկայացնենք, թե իրականում ինչ է սպառնում մեզ.
1. Նախ վճարելու ենք ոչ թե 5%, այլ 6,6 – 13,5%: Բացի այդ, քաղաքացին նաեւ ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ եւ այն ընթերցող սարք, որի համար պիտի վճարի 9.000 դրամ: Պետությունը իր մասնակցությունը սահմանափակել է 25.000 դրամով, որը ոչ մի ձեւ չի ինդեքսավորվում, եւ գնաճի ու դրամի արժեզրկման պարագայում այս գումարի գնողունակությունը տարիներ անց կարող է անհամեմատ նվազել:
2. Իրականում ֆոնդերում առկա գումարները քաղաքացին կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու դեպքում, այն էլ՝ միայն ամսական վճարումների տեսքով: Կա իհարկե բացառություն, եթե քաղաքացին անբուժելի հիվանդ է կամ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից եւ հեռանում երկրից: Նույնիսկ քաղաքացու մահվանից հետո նրա ժառանգները կուտակված գումարից առձեռն կարող են ստանալ ընդամենը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկը, այսինքն 10500 x 25= 262.500 , իսկ մնացածը փոխանցվելու է ժառանգների կուտակային կենսաթոշակային հաշվին եւ այդպես շարունակ:
3. Ֆոնդերում կուտակված ամբողջ գումարի 80%-ը պետությունը երաշխավորում է պետական բյուջեով` այսինքն մեր փողերը երաշխավորվում են մեր իսկ փողերով: Սա ինքնին անհեթեթություն է, բայց սա դեռ սկիզբն է: Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ մի քանի տարի հետո ֆոնդերում կուտակված գումարները գերազանցելու են մեր երկրի պետական բյուջեն, իսկ 23 տարի անց, երբ 1974թ. ծնված քաղաքացիները կդառնան 63 տարեկան եւ կգա առաջին վճարումները կատարելու ժամանակը, այդ գումարները կարող են տասնյակ անգամներ գերազանցել բյուջեն: Նաեւ վերջերս Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ պատգամավոր-խմբ.) մամուլում հայտարարեց, որ ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` բյուջետային երաշխիքը չի կարող նախորդ տարվա հարկային եկամուտների 10%-ից ավել լինել, իսկ այն չի անցնում 100 մլրդ դրամի սահմանը: Այս հայտարարությունը եւս մնաց անպատասխան: Շեշտենք նաեւ, որ ֆինանսական ֆոնդերի սնանկացումը արդեն իսկ ենթադրում է գլոբալ միջազգային ճգնաժամ, որի դեպքում պետությունն առավել եւս ի վիճակի չի լինի երաշխավորել կուտակած գումարները: Փաստորեն Սերժ Սարգսյանը, ի հակառակ ապագա ղեկավարներին լավություն անելու իր բարի կամքին, ակամա 23 տարի անց իշխանության եկած ուժերին դնում է բարդագույն խնդիրների առջեւ։
4. ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերջերս երիտասարդների հետ օրենքի քննարկման շրջանակում հայտարարեց, որ ինդեքսավորումը հաշվարկվելու է տարեկան 4% գնաճի համար: Եթե պարզագույն հաշվարկով (բարդ %-ի բանաձեւ) տարեկան 4% գնաճը վերջին 20 տարիների համար կիրառենք, օրինակ, հացի գնի վրա, որն 90-ականների սկզբին 10 դրամ էր, ապա այսօր հացը պիտի արժենար մոտ 22 դրամ: Իսկ եւս 20 տարի անց` մոտ 48 դրամ: Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ արդեն այսօր հացն արժե 120-200, երբեմն նույնիսկ 250 դրամ:
Որպես օրենքի հիմնական արդարացումներ ներկայացվում են հետեւյալ խեղաթյուրված պնդումները.
1. Կենսաթոշակառուների թոշակը շատ ցածր է:
2. Մեր հասարակությունը «ծերացող» է եւ պետությունը չի կարող ապահովել գնալով ավելացող կենսաթոշակառուների բարեկեցիկ ծերությունը:
3. Փորձելով անընդհատ ավելացնել կենսաթոշակները, պետությունը կկանգնի ճգնաժամի առաջ:
4. Մենք ընտրել ենք արտասահմանյան ֆոնդեր, որովհետեւ նրանք առավել փորձված են ու վստահելի:
Պատասխանենք այս բոլոր պնդումներին:
1. Շատ կարեւոր հանգամանք. այս օրենքը ոչ մի կերպ չի առնչվելու կենսաթոշակառուների թոշակի հետ առաջիկա 23 տարիների ընթացքում: Ավելին, այս «բարեփոխումը» ոչ մի կերպ չի անդրադառնալու գրանցված աշխատավարձ չունեցող (ինքնազբաղ) քաղաքացիների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսները, վարձու բանվորները եւ այլ: Այսինքն նշված քաղաքացիները, ովքեր իրապես ունեն պետության ուշադրության կարիքը, թոշակի անցնելիս ստանալու են բազային թոշակը` 10500 դրամ: Իսկ բյուջեից ամեն տարի արտասահմանյան ֆոնդերին են փոխանցվելու հսկայական գումարներ, ինչը կարող է խանգարել նշված խոցելի խմբերի թոշակների բարձրացմանը: Եթե համեմատենք 2013 եւ 2014-թթ. բյուջեները, ապա կտեսնենք, որ գալիք տարվա բյուջեում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Ծերություն» խմբի հատկացումները 199, 603, 368.3 հազար դրամից աճել են 254, 675, 669.4 հազար դրամ, այսինքն՝ ավելացել են ավելի քան 55 մլրդ դրամով, որից 20 մլրդ-ը, ըստ վարչապետի հայտարարության, գնալու է թոշակների ավելացմանը, մնացածի մի մասը, ըստ երեւույթին, գնալու է արտասահմանյան ֆոնդեր` կուտակային կենսաթոշակում պետության մասնակցությունը ապահովելու, իսկ մնացածն էլ ընթացիկ, օրինակ կամուրջ հաշիվների ծախսերի վրա, որը կրկին փող լվանալու լավ վայր է: Փաստորեն օրենքը չի լուծում սոցիալական այն կարեւորագույն խնդիրները, ինչի համար որ այն նախատեսված է:
2. Մենք չենք առարկում, որ երկրում առկա է «ծերացման» խնդիր, բայց պնդում ենք, որ դա ոչ թե մեր երկրում ծնելիության խնդրի, այլ առավելապես արտագաղթի հետեւանք է: Եվ սա խնդիր է, որը լուծում է պահանջում, ոչ թե աքսիոմ է, որից պետք է բխեն մեր հետագա քայլերը: Փաստորեն կառավարությունը հայտարարում է, որ մեր երկիրը հիվանդ է, բայց այն բուժելու փոխարեն, սկսում է դագաղ պատրաստել:
Վարչապետն իր ելույթում նշեց, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո «Baby Boom»-ի արդյունքում առաջիկա 10 տարիների ընթացքում մենք ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ: Պարզաբանեմ, «Baby Boom»-ը հետպատերազմյան առաջին տասնամյակում ծնելիության կտրուկ աճն է: Այսինքն խոսքը գնում է 1949-1959թթ ծնվածների մասի, ովքեր կհասնեն թոշակային տարիքի 2012-2022թթ: Բայց նշյալ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ չեն եւ շարունակելու են ստանալ պետական կենսաթոշակ: Այսինքն ըստ վարչապետի հայտարարության, պետությունը արդեն իսկ` 2012-ից ունի թոշակառուների թվի աճ եւ նրանց թոշակով ապահովելու համար պետական բյուջեից դուրս է հանում հսկայական գումարներ եւ դրանք պահելու է օտարերկրյա ֆոնդերում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել այս հայտարարության տրամաբանությունը:
3. Նշում են, որ չունեն բավարար միջոցներ թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու համար, նույնիսկ նախագահի մակարդակով ներողություն են խնդրում նրանցից, բայց պնդում են, որ կարող են ամեն աշխատող քաղաքացու համար մինչեւ 25,000 դրամ գումար հանել պետական բյուջեից եւ մինչեւ 45 տարի ժամկետով սառեցնել այն արտասահմանյան ֆոնդերում: Այս ամբողջը տարեցտարի միայն բյուջեի ճեղքվածքի ավելացման կբերի:
4. Ֆոնդերի մասին ավելի մանրամասն. պետությունը ՀՀ քաղաքացիներից հավաքում է ինչ-որ գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է գրեթե նույնքան գումար, եւ ամբողջը 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը ներդրումներ է կատարում այդ գումարներով` 60% ՀՀ-ում եւ 40% այլ երկրներում, այդ թվում եւ Թուրքիայում` իր հայեցողությամբ: Ներդրումները կատարվում են` գնելով երկրի թողարկած պարտատոմսերը կամ արժեթղթեր: Մեր երկրի դեպքում, արժեթղթեր թողարկում են միայն բանկերը, բայց քանի որ դրանց ռիսկայնության %-ը բարձր է, ներդրումները կատարվելու են միայն գնելով պետական պարտատոմսեր, որոնց դիմաց երկիրը վճարում է տոկոսներ բյուջեից: Ստացվում է՝ մեզնից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով: Այս տոկոսները կրկին ավելացնելու են բյուջեի ճեղքվածքը: Նշենք նաեւ, որ այս ֆոնդերում գումարները ճիշտ տնօրինելու եւ եկամուտ ստանալու համար քաղաքացին պետք է ունենա խորը գիտելիքներ ֆինանսական եւ արժեթղթերի շուկաների մասին: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը պնդում է, որ քաղաքացիները այնքան գիտակից չեն, որ խնայեն իրենց միջոցները բարեկեցիկ ծերության համար:
Եզրակացություն
Հաշվի առնելով կառավարության «գազային խաղերը»` այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության.
Կառավարող համակարգը կրկին ընտրել է «պակասորդը քողարկելու» քաղաքականությունը, ինչպես դա արեցին գազի գնի թանկացման դեպքում, որի համար ՀՀ քաղաքացիները կուտակեցին 300 մլն ԱՄՆ դոլարի պարտք ու թանկ վճարեցին դրա դիմաց: Իրականում այս գումարով պետությունը պարզապես գնեց «ՀայՌուսգազարդի» լռությունը` ընտրությունների ժամանակահատվածում:
Այժմ, կրկնելով նույն սցենարը, ՀՀ կառավարությունը, չապահովելով խոստացված տնտեսական աճը, ցանկանում է հետաձգել վերահաս ճգնաժամը, որի համար կրկին անհրաժեշտ է պարտք վերցնել արտաքին ֆինանսական միավորներից: Նկատի ունենալով, որ մեր երկիրը արդեն իսկ ահռելի արտաքին պարտքեր ունի ինչպես ՌԴ-ին, այնպես էլ արեւմտյան երկրներին, այս անգամ փորձ է արվել ներգրավել ներդրումային ֆոնդերը: Վերջիններս էլ որպես նախապայման պարտադրել են այս «Կենսաթոշակային բարեփոխումները»: Արդյունքում այս կառավարող մարմինների գործելու տարիների ընթացքում չի լինի ճգնաժամ, բայց երկիրը կկուտակի նոր հսկայական ծավալների պարտքեր: Իսկ թե այս անգամ ինչպես ստիպված կլինենք փակել այդ պարտքերը, դեռեւս անհայտ է:
Կոչ
Մենք շարունակելու ենք մեր պայքարը, արդեն իսկ մշակված ռազմավարությամբ եւ գործելաոճով: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ մեր պայքարին. Այն է` իրազեկման, բոյկոտի միջոցառումներին, բողոքի երթերին եւ ցույցերին, որոնց մասին նախօրոք կկատարվի լրացուցիչ իրազեկում:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, պետք է թույլ չտանք, որ մեզ ներքաշեն այս ֆինանսական «խարդախությունների» մեջ, որովհետեւ, ի վերջո, այս գումարները կրկին վճարելու ենք մենք եւ մեր զավակները»:





























