Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Լեհաստանի Հանրապետության Սեյմի մարշալ Բրոնիսլավ Կոմորովսկուն:
Հեռագրում մասնավորապես ասվում է. «Խորապես ցնցված եմ այսօր առավոտյան տեղի ունեցած ավիավթարից, որի հետեւանքով զոհվեցին Լեհաստանի Հանրապետության նախագահը, նրա տիկինը, պատգամավորներ, լեհ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ լեհ ժողովրդի բազմաթիվ արժանավոր զավակներ:
Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ ողջ լեհ ժողովրդին:
Կիսելով Ձեր եւ Լեհաստանի ժողովրդի վիշտն ու ցավը` մաղթում եմ շուտափույթ ապաքինում ձեր երկիրը պատուհասած այս դաժան փորձությունից, իսկ զոհերի հարազատներին ու մերձավորներին՝ տոկունություն եւ ոգու արիություն։
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն Կոմորովսկի, խորին հարգանքներիս հավաստիքը»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից:



























