Ինչպես եւ սպասվում էր, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարում ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով՝ որ գտնվում է գաղափարակիցների շրջանում, որտեղ իրար համոզելու խնդիր դրված չէ:

Նա նախ ընդգծել է, որ երկիրը շատ քաղաքականացված է, որի պատճառը սոցիալ-տնտեսական բավական վատ վիճակն է, ապա նկատել է, որ երկրում չկա բանավեճ կամ բանավեճի կուլտուրա հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Որպես ասվածի վկայություն ՀԱԿ առաջնորդն ասել է. «Չկա բանավեճ. խոսքը քաղաքական բանավեճի մասին չէ: Օրինակ` ի՞նչ վիճակում է մեր մշակույթը. խոսում են սերիալների և ռաբիսի մասին, բայց ֆունդամենտալ խոսակցություն չկա, նույնիսկ մամուլում: Ի՞նչ վիճակում է այսօր կրթությունը: Այս իշխանական, ավազակապետական բարքերը թափանցել են կրթական համակարգ, նույնիսկ` դպրոց: Ես չեմ տեսնում խոսակցություն ճարտարապետության, քաղաքաշինության մասին: Ո՞րն է այսօր Երեւանի դեմքը: Ո՞րն է այսօր Երեւանի գենպլանը: Կարծում եմ՝ անգամ ճարտարապետներն էլ չգիտեն: Ո՞ւր է հոգեւոր կյանքը, ո՞ւր է եկեղեցին, ո՞րն է եկեղեցում դերն այսօր»: Լ. Տեր-Պետրոսյանը խորհուրդ է տվել ներկաներին չտարվել քաղաքականությամբ: «Թող քաղաքականությունը չդառնա մոլուցք, չդառնա մաղձ: Չմոռանաք գիրք կարդալ, չմոռանաք երաժշտություն լսել, չմոռանաք բանաստեղծություն արտասանել»,- ասել է նա:

Անդրադառնալով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությանը, Լ. Տեր-Պետրոսյանը հիշեցրել է, որ այդ կուսակցությունը ստեղծվել է իր իշխանության դեմ ընդդիմություն լինելու համար, սակայն այսօր համագործակցում է իր հետ: Հիշեցնենք, որ ԺՀԿ-ն ստեղծվել է 1996 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ ՀՀՇ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Էդվարդ Եգորյանի գլխավորությամբ, դուրս եկան ՀՀՇ-ից եւ ստեղծեցին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը: