Ամերիկյան Esquire ամսագիրը հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկին ճանաչել է անցնող 2013թ.-ի ամենաոճային տղամարդ:Ինչպես նշում է Esquire-ը, Հայրապետի ոճը լիովին արտացոլում է նրա աշխարհայացքը, եւ նա իմաստ է դնում իր հագուստի մեջ: Շքեղ ոսկերչական եւ մորթե թիկնոցները, որոնք նախընտրում էին Ֆրանցիսկի նախորդները, զիջեցին ավելի համեստ հագուստին, որն ամսագրի կարծիքով, խոսում է հայրապետի մոտ լինելուն հասարակ մարդկանց:

Ֆրանցիսկ պապը նույնիսկ հրաժարվել է տեղափոխվել պաշտոնական նստավայր՝ Առաքելական պալատ, եւ շարունակում է ապրել իր համեստ բնակարանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկը նաեւ ճանաչվել էր «Տարվա մարդ-2013»՝ ըստ ամերիկյան Time ամսագրի:

Հիշեցնենք, որ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս կարդինալ Խորխո Մարիո Բերգոլյոն այս տարի մարտի 13-ին ընտրվել է պապական աթոռին՝ դառնալով Լատինական Ամերիկայի առաջին ներկայացուցիչն այս պաշտոնում: Ինչպես հայտնել է ինքը պապը, Ֆրանցիսկ անունն ընտրել է , քանի որ այդ սուրբն հայտնի է աղքատների նկատմամբ հոգատարությամբ: Շատերը նշում են, որ Ֆրանցիսկն առանձնանում է համեստությամբ եւ ժողովրդին մոտ լինելով: