Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հաստատել է «շքեղության հարկի» սահմանումը 75 տոկոսի չափով ավելի քան 1 մլն եվրո եկամուտների դեպքում: Այդ մասին հաղորդվում է տարածված մամուլի հայտարարությունում: Ֆինանսական այս կանոնը բացառություն չի կազմի նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբների համար, որոնք ակտիվորեն դեմ են հանդես գալիս այս նորամուծությանը: Ավելի վաղ ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարությունը վճռականորեն բողոքում էր այս միջոցառման դեմ, որն արդեն հաստատվել էր խորհրդարանի կողմից 2014թ.-ի բյուջեի նախագծի շրջանակներում եւ սպառնում է հսկայական կորուստներ հասցնել ակումբներին, հաղորդում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ - ը:
75 տոկոսի չափով «շքեղության հարկի» սահմանումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումներից մեկն էր: Այս ծրագիրը կյանքի կոչելուն, սակայն, խոչընդոտել էր Սահմանադրական խորհուրդը, որն այն համարել է հանրապետության հիմնական օրենքին հակասող: Ի պատասխան կառավարությունն առաջարկել էր այլ համակարգ, որն էլ ընդունվել էր, այնէ հարկել բոլոր ձեռնարկություններին, որոնք իրենց ծառայողներին վճարում են 1 մլն եվրոյից ավել աշխատավարձ:




























