Դուբայում ամանորյա տոնակատարությունները կնշանավորվեն աննախադեպ հրավառությամբ:

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, հրավառությունը կսկսվի դեկտեմբերի 31-ին կեսգիշերից քիչ առաջ եւ կշարունակվի մոտ 6 րոպե: Շոուն պետք է գրանցվի Գինեսի ռեկորդներում որպես աշխարհում ամենամասշտաբայինը:

Շոուն կձգվի ափամերձ գոտու երկայնքով մոտ 100 կմ եւ տեսանելի կլինի քաղաքի գրեթե յուրաքանչյուր կետից: Հրավառություններ կլինեն Դուբայի առավել հայտնի տեսարժան վայրերում՝ աշխարհի ամենաբարձր երկնաքեր Burj Khalifa-ի մոտակայքում, Burj Al Arab առագաստ-հյուրանոցի եւ Palm արհեստական կղզու վրա գտնվող Atlantis հյուրանոցի մոտակայքում: Ընդհանուր առմամբ նախատեսվում է իրագործել 450 հազար պայթյուն: Շոուի ավարտից անմիջապես հետ հանդիսատեսը կարող է հետեւել 15 րոպե տեւողությամբ հրավառությանը Jumeirah լողափից:

Մինչեւ վերջերս ռեկորդը պատկանում էր Քուվեյթին, որը 2012թ.-ին մեկժամ տեւողությամբ հրավառություն էր կազմակերպել: Այն ժամանակ շոուն ձգվում էր 5 կմ՝ ափամերձ գոտու երկայնքով: