ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշին տեղափոխել են Հյուսթոնի հիվանդանոց(Թեքսաս նահանգ): Այդ տեղեկությունը երեքշաբթի հաստատել է նրա ամուսին Ջորջ Բուշ Ավագի պաշտոնական ներկայացուցիչ Ջիմ Մաքգրեթը:
«Նա բավական բարձր տրամադրություն ունի, արդեն ամուսինն այցելել է, ինչպես նաեւ ընտանիքի այլ անդամներ, նրան բավական որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերում»,- ընդգծել է Մաքգրեթը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկինը եւ միաժամանակ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրստերի 88-ամյա մայրը տեղափոխվել է Հյուսթոնի հիվանդանոց երկուշաբթի օրը «շնչառական համակարգի խանգարումների» պատճառով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն Բարբարա Բուշի մոտ ախտորոշել են վաղ շրջանի թոքաբորբ: Հիվանդի վիճակը կայուն է: Հյուսթոնում է գտնվում Բուշերին պատկանող տունը:
Ամուսնու կառավարման տարիներին Բարբարա Բուշը վայելում է ամերիկացիների սերը: Մի շարք հարցումների տվյալներ վկայում են, որ, մասնավորապես, ԱՄՆ-ում իր հեղինակությամբ նա գերազանցում էր Ջորջ Բուշ Ավագին:





























