Զբոսաշրջիկների շրջանում հայտնի Հնդկաստանի Գոա նահանգի իշխանությունները տեղի բնակիչներին արգելել են ազարտային խաղեր խաղալ, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալությունը՝ վկայակոչելով գլխավոր նախարար Մանոհարա Պարիկարին:
Հաղորդվում է, որ մարտի 1-ից Գոայի բնակիչներին կարգելվի մուտք գործել որեւէ կազինո, նման իրավունք կունենան միայն զբոսաշրջիկները: Արգելքը տարածվում է նաեւ Մանդովի գետի վրա կառուցված լողացող կազինոների վրա:
«Կազինո այցելելու ցանկություն ունեցող մարդը պարտավոր է ապացուցել, որ ինքն զբոսաշրջիկ է»,-ասել է նահանգի գլխավոր նախարարը:
Գոան Հնդկաստանի քիչ նահանգներից է, որտեղ խաղային բիզնեսն օրինական է:





























