2013 թվականի ընթացքում Իրաքում զոհվել է 8868 մարդ, որից 7818-ը՝ խաղաղ բնակիչներ: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի զեկույցում, որի համաձայն 2013-ը Իրաքի համար ամենաարյունալին էր վերջին 5 տարիներին:
Միայն դեկտեմբերին այդ երկրում սպանվել է 759 մարդ, եւս 1345 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ահաբեկչական գործողությունների հետեւանքով:
Ամենից շատ զոհեր եղել են 2013-ի մայիսին՝ 963 մարդ, եւս 2119 մարդ վիրավորվել է:
«Դրանք սարսափելի տվյալներ են, որոնք հերթական անգամ հաստատում են, որ Իրաքի իշխանությունները պետք է գտնեն բռնության արմատները եւ քանդեն այդ սատանայական փակ շղթան»,-ՄԱԿ-ի զեկույցում նշել է Իրաքի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը, հաղորդում է Russia Today-ը:
Դիվանագետը դատապարտել է «Իրաքում առանց ընտրանքի բռնության մակարդակը» եւ կոչ է արել երկրի առաջնորդներին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ահաբեկչական խմբավորումների կողմից բռնությունը դադարեցնելու ուղղությամբ, որը թուլացնում է հասարակության սոցիալական կառուցվածքը»:
Առաքելության ղեկավարը նաեւ իր անհանգստությունն է հայտնել Անբար նահանգում ստեղծված իրավիճակի շուրջ, որտեղ իսլամիստ գրոհայինները հունվարի 1-ին հարձակվել էին ոստիկանության բաժնի վրա, առեւանգել զենքերը եւ ազատ արձակել մոտ 100 կալանավորվածներին:
Iraq Body Count ինտերնետ նախագիծը վերջերս հրապարակել է իր զեկույցը, որի համաձայն երկրում 2013-ին զոհվել է մոտ 9500 խաղաղ բնակիչ:





























