Ուկրաինայի Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Արսենի Յացենյուկը պահանջում է, որ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի երկրի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյին: ՈՒՆԻԱՆ-ը, վկայակոչելով ընդդիմադիր կուսակցության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ Յացենյուկը կարծում է, թե Զախարչենկոյի նկատմամբ առաջինը պետք է կիրառվեն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի վիզային եւ ֆինանսական պատժամիջոցները: Այս մասին Ուկրաինայի ընդդիմության արեւմտամետ առաջնորդներից մեկը հայտարարել էր, երբ հայտնի էր դարձել «Սվոբոդա» ազգայնական կուսակցության պատգամավոր Ադրեյ Իլիենկոյի եւ փաստաբան Սերգեյ Կիզինի վրա հարձակվելու մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պատգամավորին ծեծելու փաստով քրեական գործ է հարուցվել: Կիզինի եւ Իլիենկոյի վրա հարձակվել էին անհայտ անձինք` Կիեւի ոստիկանության բաժանմունքից ոչ հեռու: Բժիշկները Իլիենկոյի մոտ գլխուղեղի ցնցում եւ բազմաթիվ վնասվածքներ էին ախտորոշել: Կիզինն ստացել էր աջ այտի բաց վնասվածք:





























