Եվրախորհրդարանում քննարկում են հայրենիքում չքավորության պատճառով ԵՄ ժամանած բոլոր միգրանտներին արտաքսելու հարցը: Նման առաջարկ հնչեցրել է գերմանացի եվրախորհրդարանական, ԳԴՀ-ի իշխող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Էլմար Բրոքը, հայտնում է Moldnews-ը` վկայակոչելով Ռումինիայի պետական տեղեկատվական «Աջերպրես» գործակալությունը:
Ըստ Բրոքի` իրենց երկրներում չքավորության պատճառով Գերմանիա ժամանած Արեւելյան Եվրոպայի բնակիչները պետք է արտաքսվեն հայրենիք` ԳԴՀ-ի բյուջեի վրա հավելյալ բեռ չդառնալու համար: Ըստ նրա` տվյալ մեխանիզմը կարելի է կիրառել ԵՄ-ի բոլոր երկրների նկատմամբ: «Գործազրկության, ընտանիքի օգնության թոշակ եւ սոցիալական անվտանգություն ստանալու նպատակով Գերմանիա ժամանած միգրանտները պետք է հայրենադարձվեն իրենց երկրներ: Եվ պետք է ստեղծել մատնահետքերով ռեգիստր` նրանց նոր ուղեւորությունները կանխելու նպատակով», - ընդգծել է եվրախորհրդարանականը:





























