Ամերիկացի գիտնականները կարծում են, որ ինտերնետից կախվածությունն անհրաժեշտ է հավասարեցնել հոգեկան շեղումներին, իսկ Չինաստանում նման կախվածությունը հիվանդություն է համարվում 2008թ.-ից, գրում է Եվրոսմին:
Ավստրալիայի կառավարությունը նույնպես սկսել է պայքարել օրերով համացանցում գտնվող մարդկանց դեմ:
Հոգեբաններն ասում են, որ տարբեր տեսակի կախվածությունները զարգանում են որպես սթրեսի դեմ պայքարի միջոց: Մարդկանց փխրուն հոգեկան աշխարհը չի դիմանում, եւ նրանք այլ իրականություն են փնտրում: Ոմանց համար դա վիրտուալ աշխարհն է, մյուսների համար` գաստրոնոմիականը:
Մարդու կախվածությունը բացահայտելը շատ հեշտ է. մարդիկ դառնում են ավելի գրգռված եւ մեծ տագնապ են զգում: Սակայն չպետք է բավարարել կախվածություն ունեցող մարդկանց քմահաճույքները, այլապես նրանք կդադարեն կառավարել իրենց եւ ընդհանրապես չեն նկատի իրական աշխարհի իրադարձությունները:
Ամենատարածվածը համարվում է տեխնիկայից կախվածությունը, հատկապես` հեռախոսներից եւ հեռուստացույցներից: Մյուս հոգեկան կախվածություններից ամենատարածվածները վեցն են` ալկոհոլից, համակարգչից, ուտելիքից, ծխելուց, թմրանյութերից եւ խաղերից:
Ցանկացած տեսակի կախվածությունից ազատվելու համար գիտնականներն առաջարկում են դիմել մասնագետներին:





























