Հունվարի 3-ին Հալեպի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասում հրետակոծման հետեւանքով հայ դպրոցական է զոհվել: Այս մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Պայթյունի հետեւանքով վիրավորվել են նաեւ մի քանի աշակերտներ, որոնք այդ պահին դպրոցական ավտոբուսին էին սպասում, երեխաներից բացի տուժել են նաեւ երկու մեծահասակներ` Գոգո Գեւորգյանը եւ Լեւոն Լահմեչյանը: Վիրավորների վիճակը կայուն է:
Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկիչները զինված հարձակում են գործել էլեկտրիկների աշխատանքային խմբի վրա, նրանցից երկուսը վիրավորվել էին: Վիրավորներին տեղափոխել էին հիվանդանոց: Գրոհայիններն աշխուժացել են` Սիրիայի կառավարական բանակի իրականացրած գործողությունների հերթական հաջողություներին զուգահեռ:





























