Գվինեա Բիսաուի ափերի մոտ կանգնեցված ռուսական «Օլեգ Նայդենով» ձկնորսական նավը կտեղափոխվի Սենեգալի մայրաքաղաք: Սպասվում է, որ նավը Դաքար կհասնի կիրակի` մոսկովյան ժամանակով ժ. 07:00-ին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռոսռիբոլովստվո»-ի ներկայացուցիչը:
Նա հստակեցրել է, որ նավում կա 82 մարդ` 62 ռուսաստանցի եւ Գվինեա Բիսաուի 20 քաղաքացի: «Ռոսռիբոլովստվոյում» պարզաբանել են, որ նավն այդ երկրի ափերի մոտ ձկնորսություն էր անում միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ըստ որի` ռուս ծովայինները պարտավոր են սովորեցնելու եւ աշխատանքի նպատակով նավ վերցնել տեղի ձկնորսներին:
«Օլեգ Նայդենով» ձկնորսական նավը պատկանում է Մուրմանսկում գրանցված «Ֆենիքս» փակ բաժնետիրական ընկերությանը: Սենեգալի իշխանությունների կողմից ռուս նավաստիներին ներկայացված պահանջների մասին ոչինչ չի հաղորդվել:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նավը կանգնեցվել էր Գվինեա Բիսաուից 46 մղոն հեռավորության վրա: Ռազմական «Ferlo» նավից ռուսական «Օլեգ Նայդենով» ձկնորսական նավ էին բարձրացել սենեգալցի չորս զինվորականներ: Ռուսական նավի նավապետին առաջարկել էին բարձրանալ ռազմանավ, սակայն վերջինս հրաժարվել էր:





























