Թոշակի անցնելու եւ աշխատանքից ազատ կյանքի հաճույքները վայելելու լավագույն տեղը Պանաման է, գրում է Forbes-ը:

Հարավամերիկյան երկիրն առաջին տեղն է զբաղեցրել թոշակառուների համար լավագույն երկրի վարկանիշային աղյուսակում, որն ամեն տարի կազմում է International Living ամսագիրը՝ հիմնվելով իր թղթակիցների տվյալների վրա: Առաջին հորիզոնականը Պանամային է նախ եւ առաջ տրվել այն բանի համար, որ բավական հեշտ է երկրի բնակիչ դառնալ: Forbes-ը նշում է, որ բավական է տեղական բանկում 5000 դոլարի հաշիվ բացել, ինչպես նաեւ կատարել երեք պայմաններից մեկը՝ անշարժ գույք ձեռք բերել, սեփական բիզնես հիմնել կամ աշխատանքի ընդունվել:

Բացի այդ, լատինաամերիկյան այդ երկրում «հիանալի եղանակ է, դոլարի բացառիկ փոխարժեք տեղական արժույթի նկատմամբ, ամուր տնտեսություն եւ կայուն կառավարություն»: Եթե չեք կարող Պանամայում ինչ-որ բան ստանալ, ապա, ամենայն հավանականությամբ, դա ձեզ հարկավոր չէ»,- պարբերականը մեջբերում է International Living ամսագրին:

Թոշակառուների համար ամենահարմար երկրների ցուցակում երկրորդ տեղում է Էկվադորը, երրորդում՝ Մալազիան, չորրորդում՝ Կոստա-Ռիկան: Ամերիկացի թղթակիցների կարծիքով՝ հինգերորդ տեղում Իսպանիան է: Տասնյակում են նաեւ Կոլումբիան, Մեքսիկան, Մալթան, Ուրուգվայը եւ Թաիլանդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: