Որպեսզի միջին վիճակագրական եվրոպացին իրեն առավելագույնս երջանիկ զգա, նրա տարեկան եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Այսպիսի եզրակացության են եկել տնտեսագետներ Էուհենիա Պրոտոն Նորվիքի համալսարանից (Անգլիա) եւ Ալդո Ռաստուչինին Մինեսոթայի համալսարանից (ԱՄՆ): Նրանք ուսումնասիրել են աշխատավարձի ազդեցությունը եվրոպացիների հոգեւոր վիճակի վրա:

Իրենց ուսումնասիրության մեջ գիտնականներն օգտագործել են World Values Survey գլոբալ հետազոտական նախագծի տվյալները, որը ներառում է աշխարհի մոտ 100 երկրների, որտեղ ապրում է երկրագնդի բնակչության 90 տոկոսը:

Պարզվել է, որ եթե Եվրոպայի առավել աղքատ երկրներում բավարարվածության մակարդակն աճում է եկամուտների աճին զուգահեռ, ապա զարգացած եվրոպական երկրներում այն սկսում է աստիճանաբար ընկնել հենց տարեկան 36 հազար դոլարից հետո: Տնտեսագետների կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ փողի ավելցուկը մարդու համար նոր խնդիրներ է ստեղծում:

Հետազոտության տվյալներով՝ ամենաերջանիկ եվրոպացիներն ապրում են Մեծ Բրիտանիայում, որտեղ միջին տարեկան եկամուտը կազմում է 37 հազար դոլար: