Հեռուստառադիոընկերություններին լիցենզիաներ տրամադրելու մրցույթն անցկացվելու է հուլիսի 20-ին, անկախ նրանից, մինչ այդ կլինի թվայնացված հեռարձակման մասին օրենքը, թե` ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ հիշյալ օրենքը պատրաստ կլինի:
Նրա ներկայացմամբ, հուլիսի 20-ին տեղի ունենալիք մրցույթը վերաբերում է բոլոր հեռարձակողների կապուղիներին` բացառությամբ մի քանի մարզային հեռուստաընկերությունների, որոնց լիցենզիայի ժամկետն այդ ժամանակ դեռ ավարտված չի լինի: Գ. Ամալյանը կրկին անգամ նշել է, որ ներկա պահին Երեւանում ազատ հաճախություններ չկան։
Այնուհետեւ անդրադառնալով մրցույթի պայմաններին, ինչպես նաեւ այդ մրցույթների ժամանակ գործող եւ նոր հայտ ներկայացնող ընկերությունների միջեւ տարբերություններին, ՀՌԱՀ ղեկավարն ասել է. «Մրցույթներին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր ցանկանում են այդ ոլորտում գործունեություն ծավալել։ Մեր օրենսդրությամբ նախատեսված է, որ նախկին գործունեությունը ընդամենը հավասար պայմանների դեպքում կարող է համարվել դրական գործոն։ Մնացած բոլոր դեպքերում և՛ գործող հեռուստաընկերությունները, և՛ այն հեռուստաընկերությունները, որոնք երբևէ հայտնի չեն եղել հանրությանը, բայց ուզում են հայտ ներկայացնել և զբաղվել հեռուստատեսային գործունեությամբ, հնարավորություններով հավասարեցված են»։
Ամալյանն անդրադարձել է նաեւ հեռուստատեսային լեզվի նկատմամբ վերահսկողությանը՝ նշելով, որ այդ հարցում պետք է մեծացնել Լեզվի տեսչության ունեցած լծակները:



























