Նորվեգիայի իշխանությունները մտադիր են տեղի եղջերուների եղջյուրներին լուսանդրադարձնող մանժետներ կպցնել:
Նպատակն այն է, որ կենդանիներն առավել նկատելի լինեն ճանապարհներին, ինչն էլ թույլ կտա նվազեցնել եղջերավորների մասնակցությամբ ավտոպատահարների թիվը:
Հաղորդվում է, որ նման փորձեր երկրում անցկացվում են 2010թ.-ից: Այժմ էլ որոշվել է լիամասշտաբ ակցիա անցկացնել:
Հատկանշական է, որ փայլող մանժետները պատրաստված են եգիպտացորենի հումքից, կենսատարրալուծվող են եւ անվտանգ ինչպես կենդանիների, այնպես էլ շրջակա միջավայրի համար, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Local-ը:
Նորվեգիայում հաշվվում է շուրջ 200 հազար եղջերու, սակայն, հավանական է, որ խնայողության նկատառումով միայն տասը հազարի եղջյուրները լուսավորեն: Քանի որ եղջերուները հոտերով են ապրում, խմբում բավական է առանձնացնել միայն մեկ զույգի՝ նկատելի դառնալու համար:
Պարզվել է, որ ավելի վաղ եղջերուների վրա փորձել էին լուսանդրադարձնող կպչուն ժապավեն կպցնել, սակայն վերջինիս սոսինձը ցրտին սառչում էր: Նորվեգացիները կենդանիներին նույնիսկ լուսանդրադարձնող սփրեյով են ողողել, սակայն այդ նյութը վատացրել է եղջերվի կաշվի ջերմամեկուսիչ հատկանիշները:
Սկանդինավիայում եղջերուները եւ եղնիկները, կտրուկ դուրս գալով փողոց, հաճախ են դառնում վթարների մասնակիցներ կամ մեղավորներ:





























