Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը հունվարի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտում առկա մի շարք խնդիրների շուրջ:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.Խաչատրյանը ներկայացրեց ոլորտի զարգացմանն ուղղված ենթաշրջանային ծրագրերի կատարման ընթացքը եւ 2014 թվականին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ տեղեկություններ: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարները ամփոփ տեղեկություններ հաղորդեցին 2013 թվականին իրականացված աշխատանքների մասին: Քննարկվել են նաեւ մկնանման կրծողների դեմ պայքարի, գարնանացանի նախապատրաստման եւ արտեզյան ջրհորների միջոցով ոռոգման համակարգը ընդլայնելու վերաբերյալ հարցեր:
Կառավարության ղեկավարը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարականներ է տվել` ակտիվացնելու մկնանման կրծողների դեմ պայքարը Հադրութի, Մարտունու եւ Քաշաթաղի որոշ տարածքներում, ինչպես նաեւ ուսումնասիրել արտեզյան ջրհորներով ոռոգվող հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակման հնարավորությունները:
Խորհրդակցությանը ներկա էր ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լ.Գրիգորյանը:




























