Իրաքի Նավթի նախարարությունում  Իրաքյան Քրդստանից Թուրքիա էներգետիկ հումքի մատակարարումը անվանել են իրաքյան սահմանադրության կոպիտ խախտում:

Գերատեսչությունը «խորին զղջում ու զարմանք» է հայտնել, որ քրդական ինքնավար մարզը սկսելու է նավթ արտահանել  հարեւան պետություն առանց իրաքյան կառավարության հետ համաձայնեցնելու:

Քրդական իշխանությունները հայտարարում են, որ նավթի արտահանումը կսկսի ընթացիկ ամսվա վերջից, իսկ փետրվարից ու մարտից կավելացվի արտադրական հզորությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը եւ Իրաքյան Քրդստանի ինքնավար կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին 2013թ.-ի վերջին համաձայնագիր են կնքել, որով թուրքական կառավարությունը հնարավորություն է տալիս քրդական ինքնավարությանը Թուրքիայի տարածքով նավթ ու բնական գազ արտահանել համաշխարհային շուկա: 2015թ.-ին կկառուցվի նավթամուղ, 2017թ.-ին գազամուղ, որով հումքն անմիջապես  կհասնի թուրքական միջերկրածովյան տերմինալներ:

Իրաքի սահմանադրության համաձայն՝ էներգառեսուրսների պաշարները պատկանում են պետությանը, իսկ Իրաքյան Քրդստանին 17 տոկոսն է բաժին հասնում: Սակայն ինքնավարության ղեկավարությունը ավելին է պահանջում: