Թել-Ավիվը դարձել է առաջին իսրայելական քաղաքը, որտեղ հուշարձան են բացել ի հիշատակ նույնասեռականների, որոնք Հոլոքոստի զոհ են դարձել Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին:

Քաղաքի կենտրոնում տեղադրված է վարդագույն եռանկյան տեսքով հուշարձան. այդ նշանով համակենտրոնացման ճամբարներում տարբերակում էին նույնասեռականներին:

«Ի հիշատակ նրանց, ովքեր իրենց սեռական կողմնորոշման համար հետապնդվում էին  նացիստական վարչակարգի կողմից»,- ասվում է հուշարձանի վրա կատարված գրառման մեջ՝ անգլերեն, եբրայերեն ու գերմաներեն լեզուներով, հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ նախկինում նման հուշարձաններ կանգնեցվել են Ամստերդամում, Բեռլինում, Սան-Ֆրանցիսկոյում եւ Սիդնեյում:

Տարբեր գնահատականների համաձայն՝ նացիստները սպանել են 5-15 հազար նույնասեռականի: