Երկարակեցության հարցում բրիտանացիները բոլորից առաջ են անցել: Մոտ 50 տարի անց՝ 2062թ.-ին, Մեծ Բրիտանիայում տղամարդկանց կյանքի տեւողությունը կկազմի 87, իսկ կանանց համար՝ 90 տարի: Նման կանխատեսում հրապարակել է երկրի ազգային վիճակագրական վարչությունը: Համեմատության համար նշենք, որ այժմ այդ թիվը բրիտանացիների համար 79 է, իսկ բրիտանուհիների համար՝ 83 տարի:

Թոշակների հարցերով նախարար Սթիվեն Վեփբի խոսքով՝ ժամանակն է մտածել թոշակային ռեֆորմների մասին: Այն պետք է հասանելի ու արդար լինի ներկայում ապրող քաղաքացիների եւ ապագա սերունդների համար: Վեփբը համարում է, որ Մշուշապատ Ալբիոնի բնակիչները թոշակի ավելի ուշ կանցնեն եւ միջինը 25 տարվա ընթացքում գումար կստանան, հաղորդում է Informing.ru-ն:

Նշենք, որ փորձագետները բրիտանացիների երկարակեցությունը կապում են, մասնավորապես, արդի բժշկության զարգացվածության հետ, ինչպես նաեւ ծխախոտից ու չափից ավելի ալկոհոլից հրաժարվելու հետ: