Ավելի քան 2300  տարի անց Օտագոյի համալսարանի գիտնականներից մեկին, միգուցե, հաջողվել է բացահայտել Ալեքսանդր Մակեդոնացու հանելուկային մահվան գաղտնիքը:

Թունաբան Լեւ Շեպը կարծում է, որ Ալեքսանդրին կարող էին թունավորել: Թույնը, ըստ նրա, գինու մեջ է լցվել, այն պատրաստված է եղել առաջին հայացքից անվնաս բույսից, գրում է  Mail Online-ն իր նոր  համարում: Շեպը, որը տասնյակ տարիներ թունաբանական տվյալներ է ուսումնասիրում, ասում է, որ   թունավորման տեսություններից մի քանիսը ճշմարտանման չեն, օրինակ՝ մկնդեղով կամ ստրիխնինով թունավորելը: Նրա կարծիքով՝ եթե այդ թույներն օգտագործվեին, մահը շատ արագ վրա կհասներ, փոխանցում է Fedpost.ru-ն:

Ըստ Շեպի ուսումնասիրության՝ զորավարի մահվան պատճառը սպիտակ ղանձլամերն է եղել:

Բույսի սպիտակ ծաղիկները, որոնք կարող էին ավելացվել գինու մեջ,  քաջ հայտնի էին հին հույներին եւ գործածվում էին դեղագործների կողմից:

Կարեւոր է նշել, որ նման թույնը  կարող էր տեւական եւ տանջալի մահվան պատճառ դառնալ: Հայտնի է, որ Ալեքսանդրը մահացել է 12 օրվա ընթացքում: Նա նախ խոսելու ունակությունն է կորցրել, հետո՝ շարժվելու:  Մնացած ենթադրյալ թույները ամենայն հավանականությամբ նրան անմիջապես կսպանեին:

Շեպի տեսության համաձայն՝ սպիտակ ղանձլամերը գինուն ավելացվել է խմորման գործընթացում, այնուհետեւ տվյալ գինին մատուցվել է զորավարին:  Նման գինին չափազանց դառը համ պետք է ունենար, սակայն այն կարելի էր քաղցրացնել, եւ Ալեքսանդրը, որը, ըստ երեւույթին, հարբած էր լինում, ոչինչ էլ չէր նկատի: