Սահմանադրական դատարանի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ ՍԴ որոշումը:

«Քիչ առաջ մամուլից իմացա, ՍԴ կասեցրել է կուտակային կենսաթոշակային համակարգի կիրարկումը մինչեւ մարտ ամիս։ Մասնավորապես կասեցվել է օրենքի 2 հոդվածների գործողությունը։ Սա փոքրիկ հաջողություն է։ 2012թ սեպտեմբերից ԱԺ-ում պայքարել եմ իմ համոզմամբ այդ անհեթեթ բարեփոխման դեմ։ Պայքարին են միացել մի շարք ազնիվ պատգամավորներ, խմբակցություններ։ Ավելի ուշ այն դարձավ քաղաքացիական ակտիվիստների հրաշալի բանակի պայքարի թիրախը։ Չգիտեմ վերջն ինչ է լինելու, բայց ՍԴ-ի այս իրավական սկզբունքայնության ծիլը պետք է փայփայել»,- գրել է Բագրատյանը։

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Սահմանադրական դատարանն այսօր՝ հունվարի 24-ին որոշում է կայացրել  «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանք վերաբերում են պատիժ չկիրառելուն եւ ֆոնդերի պարտադիր ընտրությանը) գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ: