Շվեդական Նյուչեեփինգ քաղաքի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարքե Սթինբերգենը հանդես է եկել ուսումնական հաստատության պատին արված գրաֆիտիի պահպանության օգտին, որը հեշտոց է պատկերում: Նախկինում տեղական իշխանությունները պահանջում էին հեռացնել գրաֆիտին «դպրոցականներին անհարիր բովանդակության պատճառով»:
Տնօրենի խոսքով՝ այն, որ գրաֆիտին հայտնվել է դպրոցի պատին, մի քանի «մանկավարժական առավելություններ ունի»:
Իր հերթին մշակույթի հարցերով քաղաքային կոմիտեի նախագահի տեղակալ Քոնի Յակոբսոնը համարում է, որ գրաֆիտին պետք է մնա: «Արդյոք կարիք կա գրաֆիտին գրաքննության ենթարկել միայն այն բանի համար, որ այն իգական սեռն է ներկայացնում: Հնարավոր է, դպրոցականներին դա շատ դուր գա, երբ իրենց դպրոցը նման համարձակ քայլի գնա»,- հայտարարել է Յակոբսոնը:
Հիշեցնենք, որ սկանդալային գրաֆիտիի հեղինակը Գեթեբորգից Քարոլինա Ֆալկհոլթն է, ով քաղաքապետարանի պատվերով նկարազարդել էր դպրոցի պատը, ինչի համար նրան 40 հազար շվեդական կրոն էին վճարել(6200 դոլար): 12 մետրանոց ստեղծագործությունը երկու շերտից է բաղկացած. սկզբում նա պատին վիրավորանքներ է գրել, հետո ներկով նկարել է կանացի մարմինի ստորին հատվածը: Նկարչուհին սա անվանել է «Կոծկում»:
Քաղաքապետարանի ներկայացուցիչների խոսքով՝ նրանք այլ աշխատանք էին ակնկալում, օրինակ «ծովային բնապատկեր»:
Առայժմ գրաֆիտիի ճակատագիրը հայտնի չէ: Հաղորդում են, որ որոշ պատկերասրահներ առաջարկում են գնել այն՝ ոչնչացումից փրկելու համար, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Goteborgs Posten-ին:
Նշվում է, որ Քարոլինա Ֆալքոլթը Շվեդիայում ամենահայտնի գրաֆիտի-նկարչուհիներից մեկն է: Նա հաճախ կանացի մերկ մարմիններ է նկարում, մասնավորապես սեռական օրգանները: Վերջերս Գեթերբորգի փողոցներում հայտնվեց Ֆալքոթի աշխատանքների շարք, որոնք կանացի ձվարաններն էին պատկերում:




























