Երեւանում այսօր՝ հունվարի 27-ին, հանցագործ աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանի սպանության ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նա NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ Արթուր Սաֆարյանին կրակել են հենց շենքի բակում, իսկ թե որտեղից, ինչ հեռավորությամբ, առայժմ պարզ չէ: Տարածքում տեսախցիկներ չկան, որը ֆիքսած կլիներ սպանությունը:

Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է 5 պարկուճ, մեկ գնդակ, իսկ դեպքի վայրից մոտ 120 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի հրազեն: «Միայն փորձաքննությունը կպարզի՝ այդ զենքից էր արձակված կրակոցը, որից սպանվել է, թե ոչ: Հայտնաբերված զենքը նման է այն կրակող զենքին,  որից նա սպանվել է, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը»,- ասաց ոստիկանապետը: Նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց եզրակացությունը ստանալուց հետո պարզ կլինի, թե ինչ հեռավորությունից են կրակել, ինչ անկյան տակ են գնդակը արձակել, ինչ զենքից եւ այլն:

Կապված է Արթուր Սաֆարյանի սպանությունը եղբոր գործունեության հետ, թե ոչ, վաղ է ասել, ոստիկանապետը վստահեցրեց, որ բոլոր վարկածները քննվում են, օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում, առայժմ ոչինչ չեն կարող ասել:

Նշենք, որ Արթուր Սաֆարյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա՝ որդի եւ դուստր, ավագը 17 տարեկան է: Նա հիմնականում գտնվում էր արտագնա աշխատանքի մեջ: Նրա եղբայրը՝ Թեւոսիկը (Թեւոս Սաֆարյանը) կալանավորված է անձի առեւանգման մեղադրանքով: ՔԿՀ լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ վերջինս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել է 41-ամյա Արթուր Սաֆարյանի վրա: Նրան հրազենային վնասվածքով, արդեն մահացած վիճակում տեղափոխել են թիվ 3 հիվանդանոց:

Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: l