Ֆրանսիայի նախագահի նախկին քաղաքացիական կին Վալերի Թրիերվեյլերը կարծում է, որ հենց Ֆրանսուա Օլանդի իշխանության գալը քայքայեց իրենց երջանկությունը։

Նախկին առաջին տիկինը հայտարարել է, որ հիասթափվել է քաղաքական գործչից, բայց Ելիսեյան պալատում իր անցկացրած ժամանակահատվածն ամփոփելը վաղաժամ է համարել։

«Եթե Օլանդը նախագահ չլիներ, հնարավոր է՝ ընդմիշտ միասին լինեինք», - Հնդկաստան այցի ընթացքում լրագրողներին ասել է Վալերին։  Այցը կապված է սովալլուկ մանուկների համար դրամահավաքի հետ։

Ըստ Թրիերվեյլերի` ինքը երբեք չի երազել, որ իր ամուսինը երկրի առաջնորդ դառնա: Օլանդի նախկին ընկերուհին հայտարարել է, որ ինքը քաղաքականության դեմ «փոխպատվաստում» է ստացել` ներսից տեսնելով բավական դավաճանություններ եւ երկերեսանություն, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Le Figaro-ն:

Թրիերվեյլերը  նաեւ չի պատրաստվում վերադառնալ քաղաքական լրագրությանը: Դրա փոխարեն նա կզբաղվի հումանիտար գործունեությամբ: Օլանդի նախկին կինը նշել է, որ որպես Ֆրանսիայի առաջին տիկին` իր ամենապայծառ աշխատանքը եղել է անապահով ընտանիքների երեխաներին օգնելը:

Նախագահի հետ ներկայիս հարաբերությունների  վերաբերյալ հարցին պատասխանելով` Թրիերվեյլերն ասել է, որ դրանք բավական բարյացակամ են: «Մենք չենք պատերազմում, երբեմն զանգահարում ենք իրար», - պատմել է նա: