Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են քաղաքացիական անձի անունը, ով հատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գիծը: Նա Մամիկ Տիգրանի Խոջոյանն է: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների եւ պատանդների պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը:
Նրա խոսքով, հունվարի 28-ին, ժամը 16-ի սահմաններում Խոջոյանը (ըստ ադրբեջանցիների՝ մոտ 65 տարեկան) ձերբակալվել է Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչների կողմից եւ հանձնվել զինվորականներին: Թովուզի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Մահիր Հասանովը հայտնել է, թե ՀՀ քաղաքացին ձերբակալվել է գետն անցնելու փորձի ժամանակ:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շտապել էր ակնհայտ կեղծ տեղեկություն տարածելու, իբր ձերբակալվածը հայկական դիվերսիոն խմբի անդամ է: ՊՆ աշխատակիցների աչքին, թերեւս, երեւացել էր նաեւ այն, որ ենթադրյալ դիվերսանտը զինված է:
Նշենք, որ երբ արձանագրվում է շփման գծի հատման փաստ, ադրբեջանական կողմը խոչընդոտում է ԿԽՄԿ աշխատակիցների օպերատիվ այցը, գրանցվել են նաեւ ողբերգական դեպքեր, երբ քաղաքացիական անձինք սպանվել էին ադրբեջանական բանտերում:




























