Հայաստանի գործատուների միությունը պատրաստվում է Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել իր եզրակացությունն այն մասին, թե որքան հանրապետությունում կբարձրանան ապրանքների գները Մաքսային միության տուրքերի ընդունումից  հետո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն բիզնես շրջանակներին ներկայացրել է այն ապրանքների ցուցակը, որոց մաքսերը կարող են փոխվել: «Ավելի հստակ մեկնաբանություն վաղը կտանք՝ վերլուծության ավարտից հետո: Առայժմ կարող եմ ասել, որ 600 ապրանքից բաղկացած զամբյուղում հնարավոր են եւ էժանացում, եւ թանկացում: Նկատելի կբարձրանան նաեւ դրույքները. Զրոյականները՝ 10-150 տոկոսով, իսկ 10 տոկոսանոցները՝ մինչեւ 50 տոկոսով: Ընդհանուր ազդեցությունը պարզելու համար անհրաժեշտ է երկրում վաճառվող այս կամ այն ապրանքների քաշը»,- պարզաբանել է Մակարյանը:

Պետք է հաշվի առնել, հավելել է նա, որ թեեւ բարձրացված դրույքները վերջնական արդյունքում կվճարեն սպառողները, իսկ ստացված միջոցները կհամալրեն բյուջեն: «Այսինքն կմնան մեր երկրում: Սակայն մեզ համար կարեւոր է այն, թե որքան թափանցիկորեն կծախսվեն բյուջեի միջոցները: Մեզ նաեւ դա է անհանգստացնում»,- ասել է Մակարյանը: